Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչը հայտնել է այն պայմանը, որի կատարման դեպքում սերբական կողմը պատրաստ է բանակցությունները վերսկսել Կոսովոյի չճանաչված պետության հետ, փոխանցում է NEWS.am-ը:
Նա Blic պարբերականին ասել է, որ Կոսովոյի իշխանություններն առաջին հերթին պետք է չեղարկեն Սերբիայից արտահանման վրա սահմանված մաքսատուրքերը:
Բրնաբիչը նշել է, որ Բեռլինի գագաթաժողովի ժամանակ Սերբիայի իշխանությունները մտադիր են ապացուցել, որ իրենք «կայուն, կանխատեսելի և հուսալի գործընկեր են՝ երկխոսությանը հավատարիմ և բանակցություններին պատրաստ»:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր Բեռլինում տեղի ունենալիք Արևմտյան Բալկանների երկրների գագաթաժողովում հանուն իր երկրի պայքարելու մտադրության մասին:
Վերջին շրջանում Կոսովոյի չճանաչված պետությունը Սերբիայի դեմ ուղղված մի շարք քայլեր է իրականացրել, մասնավորապես՝ որոշում է ընդունել սեփական բանակ ստեղծելու մասին և սերբական ապրանքների համար 100 տոկոսի մաքսատուրք է սահմանել, իսկ այնուհետև դրանք ընդլայնել է: