Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Չինաստանը պլանավորում են մինչևտարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ապրիլի 30-ին կկայանա ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ն և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առևտրատնտեսական համագործակցության մասին, որը «որակյալ հիմք է դնում ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև արդյունավետ փոխգործակցության համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական ևֆիտոսանիտարական միջոցների կիրառումը»:
«Այս տարի պլանավորվում է համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Փաստաթղթի նպատակն է՝ դյուրացնել մաքսային ընթացակարգերը և արագացնել մաքսային գործողությունների կատարումը և մաքսային հսկողության իրականացումը»,-հայտարարել է Պրիխոդկոն: Ռուսաստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների իրագործումը պետք է թույլ տա ապագայում հասնել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջևփոխգործակցության նոր ձևաչափերի, ներառյալ նաև ազատ առևտրի գոտին»: