Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ դիմեց պատմական փաստերի աղավաղման քաղաքականությանը:
«Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ Էրդողանը, զարգացնելով իր կողմից տարվող մերժողականության քաղաքականությունը, փորձեց արդարացնել երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունը՝ հայտարարելով, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:
Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ հայերին պիտակավորելով որպես «բռնություններ իրականացրած հրոսակախումբ» և այդ համատեքստում նրանց կոտորածներն «առավել ողջամիտ գործողություն» որակելով, Էրդողանը, փաստացի, ընդունեց, որ Հայոց Ցեղասպանությունն Օսմանյան կայսրության պլանավորված քաղաքականություն է եղել:
Առավել վտանգավոր է, սակայն, այն հանգամանքը, որ մահմեդական աշխարհին համախմբելու փորձեր անող Էրդողանն այժմ փորձում է կրոնական երանգ հաղորդել իր որդեգրած քաղաքականությանը՝ քրիստոնյաներին ներկայացնելով որպես ոճրագործներ, իսկ մահմեդականներին` զոհեր: Դրան էր ուղղված նաև Խաչակրաց արշավանքների հիշատակումը:
Փաստացի Էրդողանը ոչ միայն չի պատրաստվում առերեսվել սեփական պատմությանը, այլ նաև պարբերաբար մեղադրում ու սպառնում է այն երկրներին, որոնք ընդունում են ճշմարտությունը ու դատապարտում հայերի դեմ իրականցրած ոճրագործությունները: Իսկ այժմ էլ փորձում է այս հարցի ներքո իր շուրջը համախմբել մահմեդական երկրներին:
Թուրքիայի նման ագրեսիվ մերժողականությունն ու տարվող քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն արդարության վերականգնման, այլև անվտանգության և նման ողբերգությունների կանխարգելման հարց է:
Հետևաբար` Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ակտիվ ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ` ամեն կերպ բացառելով հարցի հնարավոր կրոնական և քաղաքական երանգավորումը: