Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք առանցքային հարցեր՝ կապված էներգակիրների միասնական շուկաների ստեղծման, առևտրային խոչընդոտների վերացման և այլնի հետ: Գոնե հայտարարությունների մակարդակով նախանշված լուծումների իրականացման համար խոչընդոտներ չկան: Սակայն քաղաքական հայտարությունները մեկ բան են, դրանց կյանքի կոչումը՝ մեկ այլ բան:
Նման հարցերից մեկը միասնական շուկաների ստեղծման հարցն է: Դրանք ենթադրում են միասնական առևտրային հարթակների՝ բորսաների ստեղծում: Առաջնային հարցը, որը պետք է մեզ հուզի, Հայաստանում արժեթղթերի շուկայի, բորսայական առևտրի բացակայությունն է, ինչը ենթադրում է, որ տեխնիկապես մեր երկիրը պատրաստ չէ այդ հարթակներում գործունեություն ծավալել: Տեխնիկական խնդրից զատ, մենք այստեղ առնչվում ենք նաև առավել խորքային հարցերի: Օրինակ, գազի սակագինը, միասնական շուկայի դեպքում, կորոշվի բորսաներում: Սա մի կողմից, կարող է մրցակցության հետևանքով սակագնի նվազեցում ապահովել, մյուս կողմից՝ բավական ռիսկային է: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որը մեր արտադրության զգալի մասն իրականացվում է գազով, գործ կունենանք նաև անորոշության բարձր մակարդակի հետ: Բացի այդ, գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեն նավթի համաշխարհային գները: Հետևաբար՝ գազի սակագներն ուղիղ կապի մեջ կլինեն նավթի անընդհատ փոփոխվող գների հետ:
Գազի սակագների հետ կապված ռիսկը կազդի նաև էլեկտրաէներգիայի արտադրության վրա: Կոնկրետ Հայաստանում հոսանք արտադրող կայանների մեծ մասն աշխատում է գազով: Եթե հոսանքի արտադրությունը դիտարկենք էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծման համատեքստում, ապա եղածին կավելանա նաև այն պարզ հանգամանքը, որ միասնական շուկան ենթադրում է երկրների միջև ազատ առևտուր:
Մենք, որպես հոսանք արտադրող երկիր, կարող ենք ԵԱՏՄ մեկ այլ երկրից ավելի էժան ներկրելու մարտահրավերի հետ առնչվել: Սա չի նշանակում, որ այս ոլորտում միասնական շուկան լավ չէ: Դա անխուսափելի է՝ հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների տրամաբանությունը: Սակայն դրան պետք է պատրաստ լինեն տնտեսությունները:
Մեզ համար նիստի օրակարգային հարցերից այս պահի դրությամբ ավելի մեծ կարևորություն ունի ԵԱՏՄ հետ փոխադարձ առևտրաշրջանառության կառուցվածքի փոփոխությունը: Այսինքն, Հայաստան- ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ հետ առևտրին, կարևոր է աշխատել առևտրային ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Մյուս կարևոր հարցը կապված է արդյունաբերական կոոպերացիաների հետ: Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված Հայաստանն անշուշտ պետք է պահի իր առաջատար դիրքերը Միության շրջանակներում, սակայն զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն այնպիսի ուղղություններով, որոնք ենթադրում են աշխատատեղերի ստեղծում, տնտեսական ակտիվության աճ: Իսկ նիստի ընթացքում քննարկված արդյունաբերական կոոպերացիաների ստեղծումը կարող է նպաստել այդ խնդիրների լուծմանը: