Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի ունեցած Արևմտյան Բալկանների երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում կայացավ Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Տաչիի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի իշխանական ներկայացուցիչները: Քննարկվող հիմնական թեման էր Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնությունը` որպես կարևոր պայման վերջիններիս` Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին:
Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի ունեցած գագաթաժողովը չտվեց սպասված արդյունքները: Հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին` պնդելով, որ իրենք պատրաստ են ստորագրել Սերբիայի հետ միջպետական հարաբերությունների մասին համապարփակ համաձայնագիրը մեկ պայմանով` Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը և մի կողմ դնի վերջինիս ինքնիշխանության հարցը: Ավելին, Կոսովոյի կողմից առաջ է քաշվում Սերբիայի կազմում գտնվող և ալբանացիներով բնակեցված հարավային Պրեշևվյան հովտի` Կոսովոյին միանալու հարցը: Ի դեպ, դեռ մի քանի տարի առաջ այն դիտարկվում էր երկկողմ տարածքային փոխանակման լույսի ներքո` Հյուսիսային Կոսովոն Սերբիային միացնելու դիմաց: «Այսօր Կոսովոյի ամբողջականության հարցն այլևս քննարկման առարկա չէ: Եվ իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, գնալով բարդանում է», - հայտարարել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բեռլինի հանդիպումից մեկ օր առաջ:
Այսօր պաշտոնական Պրիշտինայի դիրքորոշումը շատ հստակ է` անընունելի է «երկու Գերմանիաների» ցանկացած մոդել, կամ ցանկացած այլ որոշում, որ նախատեսում է Սերբիայի ինքնիշխանության պահպանում Կոսովոյի տարածքի որոշակի հատվածի նկատմամբ կամ, այսպես կոչված, «կրկնակի ինքնիշխանության» մոդել:
Գագաթաժողովի ավարտից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` տեղեկացնելով, որ հանդիպումը ֆորմալ արդյունքներ չի արձանագրել և Բելգրադի ու Պրիշտինայի միջև երկխոսության հարցով հաջորդ հանդիպումը կկայանա Փարիզում` հուլիսի 1-2-ին:
Սերբիայի և Կոսովոյի միջև այս երկխոսությունն ինքնին դրական է և տարածաշրջանի կայունության երաշխիք է, իսկ համաձայնության ձեռքբերումն ու հակամարտության վերջնական կարգավորումը նորանոր հեռանկարներ կբացեն երկու երկրների եվրաինտեգրման և զարգացման համար։ Ուստի, կողմերը շահագրգռված են շարունակել երկխոսությունը՝ չնայած առկա տարաձայնություններին։