Ռուս-ուկրաինական «անձնագրային պատերազմը» նոր թափ է հավաքում:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ուկրաինայի արևելյան շրջանների՝ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու`պարզեցված ընթացակարգով: Ենթադրվում է, որ գործընթացը պետք է տևի ոչ ավել, քան 3 ամիս:
Ռուսաստանի նախագահը բացատրել է, որ ընդունված որոշման նպատակները զուտ մարդասիրական են՝ այդ տարածքների բնակիչների իրավունքների վերականգնումը: Պուտինի խոսքով, դոնբասցի ներգաղթյալները հաճախակի խնդիրներ են ունենում, երբ փորձում են ռուսական անձնագիր ստանալ:
Վլադիմիր Պուտինի հայտարարությանն արձագանքել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով խորհուրդ է տվել ռուսական իշխանություններին չվատնել ժամանակը՝ փորձելով Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տալ: Նա համարում է, որ Ուկրաինայի տարբերությունը ՌԴ-ից, մասնավորապես, կայանում է նրանում, որ ուկրաինացիները, ունենան խոսքի ազատություն, ազատ մամուլ և ինտերնետ: Զելենսկին նաև նշել է. «մենք լավ գիտենք, թե ռուսական անձնագիրն իրականում ինչ է տալիս: Այն խաղաղ ցույցի համար ձերբակալված լինելու իրավունք է տալիս, ազատ և մրցակցային ընտրություններ չունենալու իրավունք է տալիս, մարդու իրավունքների և ազատությունների մասին մոռանալու իրավունք է տալիս»,- հեգնել է Ուկրաինայի նախագահը, շարունակելով. «ուկրաինացիները ազատ երկրում ապրող ազատ մարդիկ են: Անկախ, ինքնիշխան և անբաժանելի»:
Ռուսաստանի ղեկավարը մեկնաբանել է Զելենսկիի ասածը՝ մասնավորապես նշելով. «Ես բազմիցս ասել եմ, որ ուկրաինացիներն ու ռուսները եղբայրական ժողովուրդներ են և նունյնիսկ ավելին: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դա մի ազգ է ... և եթե մենք ունենանք ընդհանուր քաղաքացիություն, ապա դրանից կշահեն ինչպես ռուսները, այնպես էլ ուկրաինացիները », - ասել է Պուտինը:
Զելենսկին կրկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի ասածները՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած ընդհանուրից մնացել է միայն պետական սահմանը: Այդ մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:
Թեմային արձագանքել է նաև Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հայտարարելով, որ «սա Ռուսաստանի կողմից անկախ պետության ներքին գործերին աննախադեպ միջամտություն է»:
Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Միխալ Բոնին էլ ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգերի պարզեցման իր որոշմամբ Ռուսաստանը փորձում է օգտագործել այն պահը, երբ Կիևը և Եվրամիությունը զբաղված են ընտրարշավներով: Մոսկվան հույս ունի առաջ մղել իր նախաձեռնությունը՝ կարծելով, որ Արևմուտքմ իրեն շատ խիստ չի քննադատի: «Ինչ – որ կոնկրետ պահի նրանք կարող են ասել, որ Ուկրաինայի արևելյան մասի բնակչության զգալի մասը ռուսական անձնագրեր ունեցող մարդիկ են, և եթե նրանք ռուսական անձնագրերով են, ապա պետք չէ քննարկել այն, որ դա Ուկրաինա է», - ասել է պատգամավոր:
Խնդրո առարկայի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի խնդրանքով նիստ է անցկացրել, որի ժամանակ Արևմտյան երկրները կարծիք են հայտնել, որ նման միջոցները հակասում են Մինսկի համաձայնագրերին, իսկ Ուկրաինան հայտարարել է երկրի ներքին գործերին միջամտության մասին: Սակայն հանդիպումից հետո ոչ մի որոշում չի ընդունվել, չնայած Կիևի խնդրանքին`քվեարկելու ռուսական նոր նախաձեռնությունը դատապարտող փաստաթղթի օգտին:
Ամփոփելով կարելի է ասել, որ ռուսական տանկերին փոխարինելու են գալիս ռուսական անձնագրերը: Այս գործընթացը մի քանի շաբաթվա կամ ամսվա գործ չէ: Տարիներ և տասնամյակներ կտևի, որոնց ընթացքում ուկրաինացիների մի մասը գնա Եվրոպա, իսկ մյուսները`Ռուսաստան: Ուկրաինացիների առաջ ինչ-որ առումով պատմական գոյատևման խնդիր է դրված: