Միացյալ Նահանգները մայիսի 2-ից չեղարկել է իրանական նավթ ներմուծող երկրներին տրված Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունները: Այսուհետ եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: ԱՄՆ կողմից արտոնություն ստացած մյուս երկրները` Հունաստանը, Իտալիան և Թայվանն, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը:
Վաշինգտոնն իրանական նավթի խոշոր ներկրող այս երկրների համար նոյեմբերին արտոնություն էր սահմանել՝ պատժամիջոցներ կիրառելու հարցում բացառություն անելով, որպեսզի ժամանակ տա նրանց այլընտրանք գտնելու համար:
Միացյալ Նահանգները հույս ունի, Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելով, ստիպել վերջինիս վերադառնալ բանակցությունների սեղան և ընդունել ամերիկյան պայմանները, ինչպես նաև տնտեսական ճնշման միջոցով հասնել իրանական իշխանությունների տապալման:
Առաջինի հետ կապված հեռանկարներն այդքան էլ հուսադրող չեն. Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆն արդեն հայտարարել է, որ, որպես հակաքայլ ամերիկյան պատժամիջոցներին, Իրանը դիտարկում է այդ թվում նաև Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալը: Մյուս պատասխան քայլը, որ դիտարկում են Իսլամական Հանրապետությունում, Օրմուզի ջրանցքը փակելն է: Նշենք, որ սա բավականին վտանագավոր սցենար է, քանի որ կարող է հանգեցնել կողմերի ռազմական առճակատման:
Չի բացառվում նաև, որ Իրանը դուրս գա 2015 թվականին կնքված միջուկային գործարքից: Փաստացի, եվրոպական գործընկերներն այս մեկ տարվա ընթացում արդյունավետ որևէ մեխանիզմ չեմ մշակել ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունն իրանական տնտեսության վրա մեղմելու համար: Պատժամիջոցների խստացումն Իրանի համար տնտեսական նոր դժվարություններ է ստեղծելու և իրանական իշխանությունները, այդ թվում հասարակական տրամադրությունների արդյունքում, կարող են դուրս գալ միջուկային գործարքից, ինչի մասին բազմիցս նախազգուշացրել են գործընկերներին:
Ինչ վերաբերում է տնտեսական դժվարություններ ստեղծելու միջոցով Իրանի իշխանությունների տապալման հնարավորությանը, չպետք է մոռանալ, որ Իրանը նման խիստ սահմանափակումների պայմաններում է արդեն տասնամյակներ, և իրանական իշխանությունները տնտեսությունը բավականին հարմարեցրել են այդ պայմաններին` այն դարձնելով, հիմնականում, ինքնաբավ: Անկասկած, պատժամիջոցների արդյունքում առաջացած դժվարությունները հասարակության շրջանում կմեծացնեն սոցիալ-տնտեսական դժգոհությունները, սակայն քիչ հավանական է, որ դա կհանգեցնի Իրանի վարչակարգի տապալմանը:
Ընդ որում, կարծես թե իրանական նավթի ամենամեծ ներկրողները` Չինաստանը և Հնդկաստանը, այդքան էլ համաձայն չեն ամերիկյան քաղաքականության հետ, և հնարավոր է, որ չերկնչեն ամերիկյան պատժամիջոցներից և մասնակիորեն շարունակեն իրանական նաթվի ներմուծումը: Նշենք, որ Թուրքիան ևս դեմ է հանդես գալիս ամերիկյան միակողման պատժամիջոցներին, սակայն դժվար է ասել` կշարունակի իրանական նավթի ներմուծումը, թե ոչ:
Նշենք, որ իրանական նավթի ներմուծման նկատմամբ ամերիկյան արգելքը դժվարություններ է ստեղծում ոչ միայն Իրանի և նրա հիմնական գործընկերների համար, այլ նաև նավթի համաշխարհային շուկայի: Թեև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են ավելացնել նավթի արդյունահանումը` շուկայում գնաճ թույլ չտալու համար, գործնականում դա կարող է դժվարություններ առաջացնել` հատկապես, որ նավթարդյունահանող երկու երկրում` Վենեսուելայում և Լիբիայում, իրավիճակը բավականին անկայուն է, և դա կարող է ազդել նավթի մատակարարումների վրա:
Իրանի նկատամաբ ամերիկյան այս քաղաքականությունը թեև լուրջ տարաձայնություններ է առաջացնում դաշնակիցների հետ ԱՄՆ հարաբերություններում, սակայն Թրամփը չի պատրաստվում հրաժարվել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից: Թրամփն Իրանի նկատամաբ ճնշումը մեծացնելու նպատակով նույնիսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է ճանաչել ահաբեկչական: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որևէ երկրի զինված ուժեր ճանաչվում են ահաբեկչական: Ամերիկյան այս քայլին, իհարկե, արդեն հետևել է Իրանի արձագանքը. Թեհրանը ահաբեկչական է ճանաչել Ամերիկյան կենտրոնական հարմանատարությանը:
Այս ամենը դեռևս գործնականում որևէ դրսևորում չի ստացել, մասնավորապես ԻՀՊԿ կամ ԱՄՆ կենտրոական հրամանատարության հետ համագործակցող կառույցները, ուժերը չեն դիտարկվելու որպես ահաբեկչություն հովանավորողներ, սակայն առանց այդ էլ բավականի լարված իրանա-ամերիկյան հարաբերությունների վրա դա կունենա բացասական մեծ ազդեցություն:
Իրան-ԱՄՆ տարաձայնությունները, բնականաբար, չեն կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա: Նախկինում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել իրանական նավթ-գազ գնելու համար, քանի որ դրանց ծավալներն Իրանի տնտեսության համար էական նշանակություն չեն կարող ունենալ, բացի այդ, ամերիկյան գործընկերներն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների կարևորությանը: Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ շարունակեն աշխատել ամերիկյան գործընկերների հետ: