ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Պապիկյանը մասնավորապես նշել է, որ դա զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորում է, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։
Ըստ դեսպանի, Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման, և նման արտահայտությունները միանշանակ կարելի է որակել որպես ատելության և ատելության հրահրմանն ուղղված խոսք։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնել է ԵԱՀԿ մասնակից պետություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված որոշումների, հռչակագրերի և նախաձեռնությունների համար, միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը»,- նշված է հաղորդագրության մեջ: