Մայիսի 9-ին նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: Նրանցից շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 107 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:
Խորհրդային միության հայ մարշալներից էր Համազասպ Բաբաջանյանը: Նա ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։
1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։
1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944) արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։
Մարշալ Բաբաջանյանը վախճանվել է 1977 թվականին` Մոսկվայում։