Մայիսի 9-ին նշում ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր: Նրանցից շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 107 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:
Խորհրդային միության հայ մարշալներից էր Սերգեյ Քրիստափորի Ագանովը: Նա ծնվել է 1917 թ. հունիսի 4-ին Աստրախանում`ազգությամբ հայ Քրիստափոր Ագանովի և ռուս դերասանուհի-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Նրա ազգականները հորական գծով սերում են Արցախից:
Սերգեյ Ագանովը մինչև 1929թ. սովորել է Բաքվում: Այնուհետև` նա ընդունվել է Մոսկվայի տրամվայի տեխնիկումի ուժային ենթակայանների բաժին: 1935թ. ապրիլից մինչև 1937թ. հունիս Ագանովն աշխատել է որպես փականագործի օգնական, այնուհետև՝ հավաքողփականագործների բրիգադավար: Հետագայում Սերգեյը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանվորական ֆակուլտետում: 1938թ. ընդունվում է Մոսկվայի ռազմաինժեներական բարձրագույն ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելով` դառնում է ինժեներական զորքերի սպա: 1940թ. հունվարի 31-ին Սերգեյ Ագանովը ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում Լենինգրադյան զինվորական օկրուգի սակրային դասակներից մեկի հրամանատար: Երիտասարդ հրամանատարն ակտիվորեն մասնակցում է խորհրդաֆիննական պատերազմին: Տեսնելով Ագանովի տաղանդը` նրան նշանակում են սակրային վաշտի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում՝ մինչև 1942թ. նոյեմբերը, Սերգեյ Ագանովը որպես 257-րդ սակրային գումարտակի սակրային վաշտի հրամանատար, ապա՝ գումարտակի շտաբի պետ սկզբում մարտնչում էր Լենինգրադյան, ապա Վոլխովյան ռազմաճակատներում: 1942թ. նոյեմբերին նա դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի արգելափակոցների ու ականափակոցների բաժնի պետի օգնական, իսկ 1943թ. հոկտեմբերին` շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական: 1944թ. հոկտեմբերի 31-ին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում: Ագանովը դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի ավագ օգնական, որը նա վարում է մինչև պատերազմի ավարտը:
Հետպատերազմյան շրջանում Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի ղեկավարությամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերը կրում են էական փոփոխություններ: Մարշալը մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման ասպարեզում:
Որպես պետական հանձնաժողովի անդամ`1986 թվականի ապրիլին Ագանովը, վտանգի ենթարկելով սեփական առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանների աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վտանգի ենթարկելով կյանքը՝ նա մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները: 1987թ. մարտից մինչև իր կյանքի վերջը ինժեներական զորքերի մարշալ Ագանովն աշխատում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում: 1992թ. Ագանովը թոշակի է անցնում: Հայ ժողովրդի տաղանդավոր զորավարը երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է 1996 թվականի փետրվարի 1-ին` Մոսկվայում: