ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով, փոխանցում է РИА Новости-ն:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգսացած է Թուրքիայի հայտարարությունից այն շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու մտադրության մասին, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է իր բացառիկ տնտեսական գոտին: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ է կրում և հղի է տարածաշրջանում լարվածության աճով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Կիպրոսի առափնյա ծանծաղուտում և բացառիկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: