Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի մասնակցեց նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Արևելյան գործընկերության քաղաքականությունը հատուկ կարևորություն ունի Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի համար: Նրանց համար ԱլԳ-ն իրենց անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանի կայունության, իրենց անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն է: Դրանով է բացատրվում նաև նրանց ներկայիս ակտիվությունը՝ մայիսի 13-14-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նախաշեմին:
Բրատիսլավայի այս հանդիպումը մասնակից երկրների կողմից հարցի կարևորման ցուցադրում էր, ինչպես նաև «ժամացույցների ճշգրտման» որոշակի քայլ՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ և ԱլԳ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նախապատրաստվելու համատեքստում: Ինչպես իր ելaւյթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, այս հանդիպումը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Այժմ ԵՄ-ն փորձելու է ուրվագծել քաղաքականության զարգացման հեռանկարները, և այս փուլում մտքերի փոխանակումները կարևոր են: Իր ելույթում ԵՄ հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ մայիսի 13-14-ի միջոցառումից անմիջապես հետո Եվրամիությունը սկսելու է ԱլԳ «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար»-ի օրինակով հաջորդ թիրախների սահմանմանը:
Ընդհանուր առմամբ, Բրատիսլավայի միջոցառումը կարելի է համարել նախապատրաստական փուլ մայիսի 13-14-ի Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ: Մեկ շաբաթ անց հենց Բրյուսելում են ամփոփվելու Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիների հիմնական արդյունքները և ուրվագծվելու ապագայի տեսլականը:
Նշենք նաև, որ այս տարի այդ նույն նպատակով պետք է անցկացվեր նաև ԱլԳ հերթական գագաթաժողով, սակայն դրա անցկացումը հետաձգվել է ԵՄ օրակարգի այլ հարցերի, մասնավորապես՝ Brexit –ի գործընթացի և Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում: