Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասել է, որ Արցախի ևՀայաստանի վերջնանպատակը վերամիավորումն է:
«Դաշինքը նպատակ չէ, այլ դրված նպատակներին հասնելու գործիք: Նպատակի հարցում կոնսենսուս կա՝ վերջնանպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է: Կոնսենսուս չկա հասնելու մեթոդի հարցում՝ անկախությա՞ն միջոցով, թե՞ ուղիղ վերամիավորման»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Հայաստանի և Արցախի օրենսդրությունների չհամընկնող ոլորտներից նա նշել է սոցիալական ապահովության, արտոնությունների, ուղղիչ համակարգի, ԽՍՀՄ բանկի ավանդների վերադարձման ոլորտը:
Բեգլարյանը նշել է, որ ոմանց կարծիքով՝ շրջանակային համաձայնագիր է պետք, մյուսները ուղիղ վերամիավորման կողմնակիցն են: Այս տարբերակները, ինչպես նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման տարբերակը անհրաժեշտ է ուսումնասիրել և որոշում ընդունել: «Ես անձամբ պատասխան չունեմ, քանի որ չնայած որոշ չափով կարելի է ապագան կանխատեսել, բայց ոչ ամբողջությամբ: Պարզապես պետք է հասկանալ գինը և արդյունքները: Իմ կարծիքով՝ Հայաստանն ու Արցախը բավարար արտաքին դիմադրողականություն և կտրուկ շրջադարձերին հակազդելու քաշ չունեն: Հնարավոր է՝ այս դաշինքն այդպիսին չլինի, բայց նախապատրաստական աշխատանքն անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ ընկալի»,- նշել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սեփական ռազմավարություն ունի և նրա համար էական չէ Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ձևաչափը: