Մադրիդի դատարանը թույլ է տվել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և իր երկու զինակիցներին առաջադրել իրենց թեկնածությունը Եվրախորհրդարանի` մայիսի 23-26-ին կայանալիք ընտրություններին:
Դատարանը դիտարկել էր ապրիլի վերջին Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ 3 քաղաքական գործիչների ներկայացրած բողոքարկումը, որով (որոշումով) արգելք էր դրվել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և ինքավար շրջանի կառավարության նախկին անդամներ Թոնի Կոմինի և Կլարա Պոնսատտիի` Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակացությանը: Կատալոնական CatalanNews պարբերականի փոխանցմամբ այս որոշումը ԿԸՀ-ն հիմնավորել էր այն հանգամաքով, որ նրանք չեն կարող դառնալ թեկնածու, քանի դեռ ներառված են ընտրողների ցուցակներում:
Իսկ ըստ դատախազի, քաղաքական գործիչներին ընտրություններին մասնակցելն արգելելը կխախտի նրանց ընտրվելու հիմնարար իրավունքը: Այս մասին հիշեցրել էր նաև Իսպանիայի գերագույն դատարանը, ուր ի սկզբանե ներկայացվել էր Պուչդեմոնի և իր զինակիցների բողաքարկումը, որը Գերագույն դատարանը փոխանցել էր ավելի ցածր ատյան` Մադրիդի դատարան՝ նման ադմինիստրատիվ վեճերի լուծումն իր իրավասությունից դուրս հայտարարելով և միաժամանակ նշելով, որ իսպանական օրենսդրությունը չի զրկում հետապնդման մեջ գնտվողներին ընտրելու կամ ընտրվելու իրավունքից:
Մի կողմ դնելով այս հարցի իրավական կամ քաղաքական կողմը՝ հիշենք, որ սա շատ ավելի լուրջ խնդրի դրսևորումներից միայն մեկն է: Վերջին տարիները, կարելի է ասել՝ ճգնաժամային են Եվրոպայի համար: Ինչպես ընդհանուր միգրացիոն ճգնաժամը, աճող նացիոնալիզմը, այնպես էլ Կատալոնիայի անկախացման հանրաքվեն ու դրան հետևած զարգացումներն ինչ-որ առումով լակմուսի թղթի դեր են խաղում: Դրանք ևս մեկ անգամ գալիս են ցույց տալու, որ Եվրոպան այսօր շատ ավելի լուրջ ճգնաժամ է ապրում՝ արժեքների ճգնաժամ: Եվ Եվրոպան կանգնած է մի շատ կարևոր դիլեմմայի առաջ` գերակա են արժեքները, թե՞ շահերը: