Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցը ԽՍՀՄ կրկնակի հերոս, հայ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհու՝ Աննա Ստեփանյանի հետ:
- Ի՞նչ խորհուրդ ունի մայիսի 9-ը ԽՍՀՄ Կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ընտանիքի համար:
- Մեզ համար մայիսի 9-ը փառավոր հաղթանակի օր է, հաղթանակ, որը ձեռք է բերվել միասնության, համախմբվածության և զորեղ կամքի շնորհիվ: Այն յուրահատուկ է, քանի որ մեր խաղաղ ապրելու և արարելու համար իր կյանքն է տվել Նելսոն Ստեփանյանը:
Մայիսի 9-ն ինձ համար տոն էր դեռ մանկությունից: Ես հաճախ մոռանում եմ, որ նա ապրող պատմություն է ոչ միայն մեր ընտանիքի, այլև մեր ողջ ժողովրդի համար՝ նա լեգենդար հերոս է: Ոմանց համար մայիսի 9-ը միայն մի երես ունի՝ հաղթանակ, ինձ համար այն կորստի, վեհության և հպարտության զգացումով լցված օր է:
- Ի՞նչ հետաքրքիր դրվագ կարող եք պատմել Նելսոն Ստեփանյանի կյանքից, թեկուզև՝ ոչ մարտական:
- Երբ նրա ինքնաթիռը հայտնվում էր երկնքում, եթերը լցվում էր տագնապալից ձայներով. «Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, երկնքում Նելսոնն է»: Եվ ահա մարտական թռիչքներից մեկի ժամանակ Նելսոն Ստեփանյանը նկատում է, որ թշնամու ուշադրության կենտրոնում են հայտնվել իր թիմակիցների ինքնաթիռները: Առանց որևէ վայրկյան հապաղելու նա անմիջապես ուղղորդում է իր ինքնաթիռն այդ ուղղությամբ և, իր վրա վերցնելով հակառակորդի հարվածները, ոչնչացնում է թշնամու զինամթերքը՝ փրկելով ոչ միայն իր մարտական ընկերներին, այլև ապագա ռազմական օդաչուներին:
Նրան ճանաչողները միահամուռ կընդգծեին ընկերասիրությունը՝ որպես իրեն բնորոշ հատկանիշներից մեկը: Եվ իսկապես դա անգին մի հատկանիշ էր, որն ուներ Նելսոնը, որով գնահատում էր մարդկանց և որն էլ սովորեցնում էր մյուսներին:
«Այս աշխարհում բոլոր պարգևներն ավելին չարժեն, քան լավ ընկերը: Մարդն այնքան երջանիկ չի լինում, որ երբևէ չզգա ընկերոջ կարիք: Չկա ավելի ծանր բան, քան կորցնել ընկերոջը...». սա մեջբերում է Նելսոն Ստեփանյանի օրագրից:
- Շատերը գիտեն Նելսոն Ստեփանյանին որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու, իսկ ինչպիսի՞ն է եղել նա կյանքում:
- Նելսոն Ստեփանյանը բարի և ջերմությամբ լի անձնավորություն էր, ով մշտապես պատրաստ էր աջակցել իր մարտական ընկերներին. ենթակաների համար հայր էր, ուսուցիչ և հրամանատար: Սակայն գործում նա թերացումներ չէր ընդունում, որովհետեև գիտեր, որ երկնքում հաշվի չառած ամեն մի մանրուք կարող էր կյանք արժենալ:
Պատերազմի ընթացքում 2 մեծագույն զգացումներ են իր մեջ գերիշխել՝ անսահման սեր դեպի հայրենիք և մեծագույն թշնամանք դեպի հակառակորդ: