Առանց թույլտվության մեր կյանք մտնելով պատերազմը մշտապես մնաց մեր կողքին: Այն ոչ միայն խլեց լավագույններին, այլ նաև փոխեց ողջ մնացածների ճակատագիրն ու աշխարհայացքը: Պատերազմը մեզանից խլեց մեր սիրելիներին` տարբերություն չդնելով կանանց, տղամարդկանց, երեխաների և ծերերի միջև ... Այն պարզապես խլեց ...
Հազարավոր կյանքեր խլեց: Եվ երբ խոսում ենք կորուստների թվերի մասին, մենք երբեմն չենք գիտակցում, որ նրանցից յուրաքանչյուրի հետևում որևէ անհատի ճակատագիր է թաքնված:
Նրանց ճակատագրերը տարբեր էին, բայց միավորված էին մի բանով. նրանք իրենց կյանքը տվեցին մեզ համար, հանուն այն բանի, որ մենք ապրենք... Ապրենք և հիշենք ...
Այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի անհավանական թվացող ազատագրման օրը (Շուշիի դիրքերից ռմբակոծում էին հայկական քաղաքներն ու գյուղերը, թեև 20-րդ դարի սկզբում հայտնի ջարդերի ժամանակ այն հայկական քաղաք է եղել), անհնար է չհիշել նրանց, ովքեր մահացել են` պարգևելով մեզ հաղթանակի բերկրանքը:
Նրանցից մեկն էլ Օլեգ Փիրումյանն է կամ, ինչպես ընդունված է Ղարաբաղում նրան անվանել, Օլեժկան: Նա Ղարաբաղում հայտնի երաժիշտ էր, ով իր էներգիայով և երաժշտության հանդեպ տածած սիրով վարակում էր բոլորին:
«Ուշադրություն դարձրեք», «Ձնծաղիկը», «Արևիկ» անսամբլները ոչ միայն գրավում էին բոլոր տաղանդավոր մարդկանց, այլ նաև շատերի համար վերածվում էին մեկնարկային հրապարակի, որը տանում էր դեպի արվեստի մեծ աշխարհ:
Օլեժկան կարողանում էր թևեր տալ ուրիշներին: Անձամբ ինքը վառ անհատականություն էր: Նա չէր կարողանում անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում էր Ղարաբաղում: Այդիսկ պատճառով 1991թ. նա կամավոր մեկնում է զորանոց: Սիրված կիթառահարին երկու անգամ հետ են կանչել դիրքերից` խնդրելով նրան չմասնակցել պատերազմին` բացատրելով, որ ինքն անգնահատելի է որպես երաժիշտ:
Սակայն նա միշտ պատասխանում էր. «Այն ժամանակ, երբ իմ աշակերտները պատերազմում են, ես չեմ կարող տանը նստել»: 1992 թ. մայիսի 4-ին Օլեժկան նշում էր իր 39-րդ տարեդարձը: Իսկ չորս օր հետո` մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, նա մահացավ… մահացավ` իր հետևից թողնելով լուսավոր հիշողություններ:
«Այս 27 տարիների ընթացքում ականջներումս դուստրերիս լացն է և բակի երեխաներին տված պատասխանը, որոնք ուրախանում էին Շուշիի ազատագրման կապակցությամբ կազմակերպված հրավառությամբ: Արևի՜կ, Սոֆի՜: Հաղթել ենք, եկեք մեզ մոտ… Իսկ աղջիկները լացակումած, պատշգամբում իրար գրկած պատասխանում են նրանց. «Մեր հայրիկը… չկա»... Այս տարիների ցավն ու վրդովմունքը բավականին մեծ էր: Գերեզմանոց գնալուց հետո մայիսի 8-9-ին փակվում եմ տանը, քանի որ դժվար է «հոգու ճիչը» թաքցնելը: Ցավն ու վիրավորանքը մեծամասամբ անցել է. շարունակում եմ հաղթահարել փշոտ ճանապարհը: Միակ ուրախությունը 5 հրաշալի թոռներն են, այդ թվում` փոքր Օլեժկան: Նրանցով եմ ապրում ... »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլեժկայի այրին` երաժիշտ Իրինա Փիրումյանը:
Այսօր անհնար է պատկերացնել մայիսի 8-ն առանց Օլեժկայի, այնպես, ինչպես հնարավոր չէ պատկերացնել Ղարաբաղն առանց նրա պայծառ տաղանդի, և անձամբ նրան` առանց կիթառի:
Շուշիի գործողություններից մի քանի ժամ առաջ նա լուսանկարվել է զորանոցում` կրկին կիթառի հետ: Հատկանշական է, որ նրա աշակերտները դարձել են հայտնի մարդիկ` Ղարաբաղի սահմաններից շատ հեռու:
Նրա գործը, նոտաները, նրա երեխաները ողջ են, իսկ դա նշանակում է, որ նա նույնպես ողջ է: Օլեժկան մեկն է, ով մեզ տոն նվիրեց արցունքոտ աչքերով: Մարդ, որի ներկայությունը փոխեց աշխարհը և որի բացակայությունը մինչ օրս էլ զգացվում է: Հիշում ենք և սիրում, Օլեժկա: