Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: