Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Անհերքելի է այն փաստը, որ Շուշիի ազատագրումը բեկումնային էր հայոց հաղթական պատմության էջերի կերտման գործում: Պատերազմում հաղթանակները, հենց այնպես չեն տրվում, տրվում է հերոսների կյանքի գնով, որոնցից էր Վահե Բաղդասարյանը:
Վահեն ծնվել է 1972 թվականին Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում, որտեղ 1915թ. Եղեռնից վերապրած իր սասունցի ու մշեցի պապերն էին ապաստանել ու մշտական բնակություն հաստատել: Նա դեռ մանկությունից էր աչքի ընկել իր ճարպկությամբ, համարձակությամբ և, իհարկե, համառությամբ: Դպրոցն ավարտել է 1988 թ. և նույն թվականին (16 տարեկան հասակում) ընդունվել է Երևանի պետական Բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ: Տասնվեցամյա Վահեն 1988թ. սեպտեմբերից արդեն բժշկական համալսարանի ուսանող էր: «Երբ Վահեն ընդունվեց, տասնվեց տարին նոր էր լրացել, նույնիսկ անձնագիր չուներ, դրա համար էլ, չնայած նրա բոյ - բուսաթին, մենք նրան անչափահաս էինք անվանում», - պատմում է Վահեի ուսանողական ընկեր Սամվել Մուրադյանը: Վահեի հայրենանավեր գործունեությունը մեծ էր թե 1988թ. Սպիտակի երկրաշարժի, թե Արցախյան պատերազմի ժամանակ։ Վահեի և եղբոր՝ Հայկի համար հայրենասիրությունը լոկ խոսքեր չէին... Հայրենասիրությունը նրանց արյան, ողջ էության մեջ էր: Եղբայրները մեծացել էին սասունցի պապերի երգերի տակ: Նրանց համար Սասուն տանող ամենակարճ ճանապարհը սկսվում էր Արցախից:
Վահեի մարտական ուղին սկսվեց Մեղրիից, թեև այնտեղ մարտական գործողություններ չէին ընթանում, բայց իրավիճակը սահմանում լարված էր, պայթյունավտանգ... Այդ ժամանակ Վահեի 17 տարին նոր էր լրացել...
1991 թ. հոկտեմբերին Վահեն «Սասունցիներ» ջոկատի կազմում մեկնեց Արցախ, մարտական մկրտությունը ստացավ Կրկժանում, ու սկսվեց սասունցի դյուցազնի հաղթարշավը: Նա մասնակցեց Հասանաբադի, Լեսնոյի, Շուշիի ազատագրական մարտերին, հետո՝ Շահումյան, Խարխապուտ, Մարտակերտ ու նորից Շահումյան, այս անգամ արդեն որպես պարտիզանական ջոկատի անդամ... Նրա վերջին մարտը տեղի է ունեցել 1993 թ Դաստագիր գյուղի մոտակայքում, որտեղ և հերոսաբար կնքել է իր վախճանը 21 տարեկան հասակում:
Վահե Բաղդասարյանը Արցախյան պատերազմում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝
• ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստճանի շքանշանով
• «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
Մարտական ընկերները Վահեի մասին.
«Մարտի 8-ի գիշերը 9-ի լուսադեմին մարտը սկսվեց: Մեզ առաջադրանք էր տրված փակել Շուշիի ճանապարհը, որպեսզի թուրքական օգնական ուժերը հասնեն Շուշի, բացի այդ մեզ հրամայված էր միջանցք թողել Շուշիից փախչող թուրքերի համար, քանի որ նրանց հետ մարտի բռնվելը անտեղի զոհերի ու վիրավորների տեղիք կտար: Այդ օրը մարտի ընթացքում մեր ընկերներից վիրավորվեց Արամ Բեքթաշյանը և զոհվեց Վիգեն Զաքարյանը, ով բեյրութահայ էր և եկել էր մասնակցելու Շուշիի ազտագրմանը: Նրա մահը բոլորիս վրա ազդել էր, բայց Վահեն ավելի ծանր տարավ… Մինչ այժմ հիշում եմ նրա դեմքի արտահայտությունը… Էնքան ցավ կար աչքերում…»:
«Վահեին ու իր եղբորը՝ Հայկին, որն, ի դեպ, նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին, մայրը դժվարությամբ էր պահել, մեծացրել ու հրաշալի դաստիարակություն տվել:
Վահեի թաղման օրը, հիշում եմ, մայրը լացելով ասում էր. «Ժողովու՛րդ, հանկարծ չասեք` Ղարաբաղն անտեր մնա՛...»:
«Լաչինի Յուղանիստ գյուղում մի թուրքի գերի վերցրինք, վիրավոր էր: Վահեն առաջին բուժօգնություն ցույց տվեց, ցավազրկեց՝ չնայած նրան, որ թուրքը իրեն շատ լկտի ձևով էր պահում:
Վահեն իսկական ռազմիկ էր, նաև իսկական բժիշկ ու երբեք ընկածին չէր հարվածում, ով էլ որ նա լիներ: Շատ մեծահոգի էր, ինչպես արդեն ասել եմ, բառիս իսկական իմաստով ընկերասեր, պատրաստ հանուն ընկերոջ զոհաբերվելու: Ինչն էլ արեց Դաստակերտում: Իրեն զոհաբերելով՝ փրկեց ընկերների կյանքը... Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Վահեն արդեն լուրջ կենսագրություն ուներ, լուրջ գործողությունների էր մասնակցել ու միշտ աչքի ընկել իր համարձակ քայլերով, բայց երբեք չէր խոսում այդ մասին: Նա, իրոք, բացառիկ անձնավորություն էր... »:
«Շահումյանի մարտերից հետո, երբ Երևան եկավ, այնքան ոգևորված էր Արցախի բնությամբ ու մարտական ընկերների մաքուր հարաբերություններով, որ ասաց. «Ինչպե՞ս եք կարողանում ապրել այստեղ, դուք շատ խեղճ եք: Եկեք Շահումյանի անտառներ, ես ձեզ այնպիսի բաներ հյուրասիրեմ, որ ո՛չ կերել եք, ո՛չ խմել, կճանաչեք իսկական աշխարհը…»:
«Պատահական չէ, որ Վահեի շիրմաքարին գրված է. «Հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու»»:
«Վահե Բաղդասարյանի նման հային արժևորելու, նրա մասին պատմելու դեռևս շատ առիթներ կլինեն, բայց, որպես ընկեր, միշտ շեշտելու եմ նրա ինքնության բացառիկ անաղարտությունը և ազգային վրեժխնդրության ինքնասիրությունը»:
Հավերժ փառք մեր անմահ հերոսներին ու փառք մեր կողքին ապրող հերոսներին: