Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների ևմասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ արժանացել են պետական բարձր պարգևների:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայիսի 9-ի տոնը մեր բազմադարյա պատմության կարևորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով և դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: