Հաշվի առնելով Ռուսաստանի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում` ռուսական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջությամբ տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման արդյունքների և նրանց կողմից ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մոսկովյան հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների հարցում: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերի մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկու կողմերում ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների այցելության և մարդկանց միջև կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքի, այդ թվում՝ ԶԼՄ-ների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ Գրեմինգերն, իր հերթին, հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը շարունակելու աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: