Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով: Այս մասին մայիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում գրանցված սահմանային լարվածության առնչությամբ կան փոխադարձ մեղադրանքներ, և այժմ այդ օպերատիվ կապի միջոցով իրենք փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ու եզրակացություններ անել:
Վարչապետի այս հայտարարությունը մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս: Նախ, Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներին ու սահմանային լարվածության աճին հետևող յուրաքանչյուրի համար առավել քան բնական է, որ Ադրբեջանը, սեփական մեղքը չընդունելով, փորձելու է փոխադարձ մեղադրանքների ճանապարհով գնալ: Սա Բաքվի համար հին ու փորձված ձեռագիր է: Տարօրինակ է, որ հայկական կողմն այսօր ոչ միայն տեղի է տալիս ու խաղում է ադրբեջանական այս խաղը, այլև պնդում է, որ ադրբեջանցիների հետ օպերատիվ կապի միջոցով փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Ի՞նչ է սա նշանակում: Վարչապետը չի՞ վստահում սեփական զինված ուժերի հրամանատարությանն ու սահմանային իրավիճակի վերաբերյալ նրանց տված տեղեկատվությանը: Թե՞ հնարավոր է համարում իրավիճակ, որ հայկական կողմը, առանց իր իմացության խախտեր հրադադարի պահպանման ռեժիմը: Անկախ պատասխանից՝ այս հարցերի առկայությունն իսկ այսօր խիստ մտահոգիչ է:
Եվ բացի այդ, կարևոր է չմոռանալ, որ փոխադարձ մեղադրանքներից խուսափելու և հրադադարի խախտման դեպքերը հստակ ամրագրելու մեխանիզմ ոչ վաղ անցյալում՝ ապրիլյան պատերազմից հետո, արդեն իսկ մշակվել էր: Խոսքը Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք բանակցային օրակարգից հանելու ուղղությամբ հետևողական աշխատանք էր տանում Ադրբեջանը: Դատելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հնչած հայտարարություններում (առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության) այս պայմանավորվածություններին հղումը բացակայում է, կարելի է եզրակացնել, որ Բաքվուն, այնուամենայնիվ, որոշ չափով հաջողում է: