ԱՄՆ-ի իսրայելա-պաղեստինյան հակամարտության «դարի գործարքի» առանցքային ճարտարապետներից մեկը՝ Ջեյսոն Գրինբլաթը, քննադատել է ՄԱԿ «հակաիսրայելական դիրքորոշումը»՝ կոչ անելով աջակցել Թրամփի վարչակազմի «տեսլականին»: NEWS.am-ի հաղորդմամբ, Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքին մերժել է ԱՄՆ խաղաղ ջանքերը՝ հայտարարելով, թե բոլոր նշանները կան, որ ծրագիրը նախատեսում է «հանձնելու համար պայմաններ», փոխանցում է AP-ն:
Գրինբլաթը հայտարարել է, թե «զարմանալի ու անարդարացի» է, որ Ինդոնեզիան, Քուվեյթը և Հարավային Աֆրիկան կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ և դատապարտել են Իսրայելի վարքագիծը, երբ նրան «անգամ չեն հրավիրել ելույթ ունենալու այս նստաշրջանում»:
Նա իսրայելական բնակավայրերի վրա ՄԱԿ ԱԽ «սևեռուն» կենտրոնացվածությունն անվանել է «ֆարս»՝ հայտարարելով, որ բնակավայրերը Իսրայելին և պաղեստինցիներին չեն խանգարում խաղաղության շուրջ բանակցություններ վարել: Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ուշադրությունը նաև կենտրոնացնի «ահաբեկիչների» ընտանիքներին վճարելու պաղեստինյան պրակտիկայի վրա, այլ ոչ այն բանի, թե Միացյալ Նահանգներն ինչպես է կարող աջակցել Պաղեստինի բյուջեին: Թրամփի վարչակազմը կտրուկ կրճատել է պաղեստինցիներին իր օգնությունը, որպեսզի փորձի արագացնել նրանց վերադարձը բանակցություններին:
Պաղեստինի ԱԳ նախարարի խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց, ինչը «միջազգային իրավունքի աղաղակող խախտում է, անհնար է հավատալ» խաղաղ ծրագրին, որը 2 տարի մշակվել է Գրինբլաթի և նախագահի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների ղեկավարած խմբի կողմից:
«ԱՄՆ վարչակազմի յուրաքանչյուր որոշում հասատատում է նրա քամահրանքը պաղեստինցիների կյանքի, նրանց իրավունքների և 2 պետության սկզբունքի հանդեպ»,- ասել է նա:
«Մենք, ցավոք, չենք կարող մեզ թույլ տալ չմասնակցել խաղաղ ջանքերին,- ասել է Մալքին: - Ամեն ինչ մատնացույց է անում այն, որ սա խաղաղ ծրագիր չի, այլ ավելի շուտ՝ հանձնելու համար պայմաններ, և ոչ մի փող չի կարող այն ընդունելի դարձնել»:
ԱՄՆ-ն նախատեսում է ծրագիրը հրապարակել հունիսին:
Գրինբլաթը ԱԽ-ում հայտարարել է, որ «խաղաղության տեսլականը, որը մենք շուտով կառաջարկենք, իրատեսական և իրականանալի կլինի» ու «բավականին մանրամասն կշարադրի հակամարտության հիմնական խնդիրները, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա պատկերացնել, թե ինչպիսին կլինի խաղաղությունը»: «Սա երկու կողմերի համար փոխզիջումների ճիշտ փաթեթ է, որպեսզի անցյալը հետևում թողնեն, և նոր գլուխ սկսեն, որում կարող են տարածաշրջանի համար ահռելի հույսեր և հնարավորություններ լինել»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ «մենք շարունակելու ենք ճշմարտությունն ասել, նույնիսկ եթե դա ցանկալի չէ», սկսած մի քանի օր առաջ Գազայից «դաժան, հանդուգն, չսադրված հարձակումը դատապարտելու ՄԱԿ անընդունակությունից»:
Մալքին հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ դեսպանորդի դիտարկումները իրեն ԱՄՆ խաղաղ ծրագրի հանդեպ հույս չեն ներշնչում: «Ինձ թվում էր, թե իսրայելցի հռետորի եմ լսում, այլ ոչ թե ամերիկացի պաշտոնյայի,- ասել է նա: - ԱՄՆ դիրքորոշումը, կարծես թե, լիովին Իսրայելի օգտին է»: