2004թ.-ի օլիմպիական չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի հնգակի չեմպիոն Հաջիմուրատ Գացալովը հայտարարել է, որ վերադառնում է մեծ սպորտ և ելույթ է ունենալու Հայաստանի հավաքականում։ Այդ մասին Գացալովը հաղորդել է «ՏԱՍՍ»–ին։
«Որոշել եմ վերսկսել կարիերաս, ցանկանում եմ կրկին փորձել ուժերս մեծ մրցագորգում, որտեղ վերջին անգամ ելույթ եմ ունեցել 2016թ.-ին Յակուտսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ: Երեք տարի անց ես իմ մեջ ուժ և ցանկություն եմ զգում ավարտելու այդ շրջանը։ Նպատակին հասնելու համար կանեմ այն ամենը, ինչ կարող եմ»,- ասել է Գացալովը:
Նա նշել է, որ կշարունակի մնալ Ռուսաստանի քաղաքացի, բայց սպորտում կա նաև սպորտային քաղաքացիություն հասկացությունը. մարզիկը կարող է ներկայացնել ուրիշ երկիր։
«Ես ելույթ կունենամ Հայաստանի հավաքականում։ Ռուսաստանի ներսում մրցակցությունը մի բան է, բայց երբ դու համաշխարհային մրցագորգում ես` այլ բան է», – կարծում է նա։