Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված համաձայնագիրն այսօր էլ շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը: Այս մասին ասված է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարվան նվիրված ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ կարգավորման շուրջ բանակցությունները բարդ գործընթաց են, և կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալը պահանջում է ժամանակ ու քաղաքական կամք։ «Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Այդ են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը և երկու երկների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները»,- նշում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերաետսչության տարածած հաղորդագրությունում ասված է նաև, որ Մոսկվան, իր կողմից, փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելուն ակտիվ աջակցություն կցուցաբերի։ «Ինչպես և նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին», - նշված է պաշտոնական Մոսկվայի հայտարարությունում: