Անցած շաբաթ ակնկալվում էր, որ ամբողջությամբ ավարտվելու է ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը: Սակայն մայիսի 10-ից ուժի մեջ մտավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքն ավելի քան 2 անգամ՝ 10-ից մինչև 25 տոկոս բարձրացնելու որոշումը:
Թրամփն իր այս մտադրությունների մասին հայտնել էր մեկ տարի առաջ սկսված ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունների հերթական փուլից մի քանի օր առաջ (մայիսի 9-10-ը):
Նշենք, որ ԱՄՆ նախագահը սպառնում էր բարձրացնել մաքսատուրքերը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից, սակայն այդ որոշումը հետաձգվեց` հնարավորություն ընձեռելով կողմերին խորհրդակցություններ սկսել հարցին լուծում տալու համար:
Մինչ Թրամփի հայտարարությունները, փորձագետները կարծում էին, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքով` բանակցություններն ընթանում են «չափազանց դանդաղ», որի համար մեղավոր է չինական կողմը:
Նշենք, որ այս մաքսատուրքերը վտանգավոր են ոչ միայն Չինաստանի, ԱՄՆ-ի, այլ նաև համաշխարհային տնտեսության համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հրապարակած զեկույցի համաձայն`այս պատժամիջոցների պատճառով Չինաստանի արդյունաբերությունը, բացառությամբ էլեկտրոնիկայի արտադրողների, կարող է կորցնել աշխատուժի հինգ տոկոսը, իսկ ԱՄՆ-ում գյուղատնտեսության և տրանսպորտային սարքավորումների արտադրողները` աշխատողների 1 տոկոսը:
ԱՄՆ ղեկավար Քրիստին Լագարդի խոսքերով, առևտրային պատերազմի պատճառով ԱՄՆ-ն կկորցնի ՀՆԱ-ի 0.6% -ը, իսկ չինական տնտեսությունը` 1,5%-ը:
Moody's միջազգային վարկանիշային գործակալության տնտեսագետները կանխատեսում են, որ մինչև 2020 թվականը Չինաստանի հետ պայմանավորվածությունների բացակայության դեպքում ԱՄՆ-ում ռեցեսիա է նկատվելու:
Իսկ դա ձեռնտու չէ նաև Թրամփին, քանի որ համընկնելու է ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների հետ:
Իր հերթին, չինական կողմի պատասխան քայլերը (Չինաստանն արդեն իսկ հայտարարել է, որ պատասխանը լինելու է հայելային) մեծ հարված կարող են հասցնել ամերիկյան ֆերմերներին: Անցած տարի նրանց հասցված վնասները փոխհատուցելու համար Թրամփի վարչակազմը հատկացրել էր 12 միլիարդ դոլար, ներկայումս վերջիններս կրկին ուղիներ են փնտրում սուբսիդավորման համար:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև համաշխարհային տնտեսական աճի վրա: ԱՄՆ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լոուրենս Բունը նշում է, որ խոսքը ոչ թե աճի մասին է, այլ աճի դանդաղեցման: Նրա խոսքով՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և համաձայնեցնեն ֆինանսական խթանները: Այսպես շարունակվելու դեպքում ակնկալվում է, որ գլոբալ տնտեսական աճն այս տարի արդեն կդանդաղի 3,7%-ով: