Կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին, շուրջ 2 հազար ընտրատեղամաս է բացվել Լիտվայում անկախության շրջանում յոթերորդ նախագահական ընտրություններն անցկացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միաժամանակ հանրապետությունում անցկացվում է նաև երկու հանրաքվե՝ երկքաղաքացիության ներդրման և պատգամավորական կորպուսը 15 տոկոսով կրճատելու մասին:
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ինը թեկնածուներ: Փորձագետների կարծիքով և համաձայն սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիթանաս Նաուսեդան, 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն և 48-ամյա վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնավարում է երկրորդ ժամկետով և երրորդին չի կարող հավակնել:
Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե կիրակի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի դա անել, երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: