Հայաստանից Օմսկ ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլի մայրուղում, որի հետևանքով երեք մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով մարզում ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Վարչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: «Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կմ-ի վրա Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է անվադողի վնասման պատճառով: Միկրոավտուբուսում գտնվել է ութ մարդ (բոլորը չափահասներ). տուժել է երեք մարդ»,-ասվում է լրագրողների տարածած հաղորդագրության մեջ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ նրանք ստացել են թեթև վնասվածքներ. զոհեր չկան: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները:
ՆԳՆ-ի գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ «ավտոմեքենայի վարորդին չի հաջողվել կառավարել մեքենան, որի հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառ են հանդիսացել ձմեռային անվադողերը»,-ասել են վարչությունում՝ հավելելով, որ այժմ որոշվում է ուղևորներին նշանակետին հասցնելու հարցը:
Վարչությունում նաև նշել են, որ երեք տուժածները, բժիշկների որոշման համաձայն, որոշ ժամանակ կմնան հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մյուս ուղևորներին տեղափոխելու համար Հայաստանից մեկնել է մեկ ուրիշ ավտոմեքենա, որով նրանք կտեղափոխվեն՝ նախնական երթուղու համաձայն:
Դեպքի հանգամանքները ստուգվում են, անցկացվում է քննություն: