ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումը իսլամական հեղափոխության պատմության ընթացքում Իրանի դեմ հայտարարված ամենածավալուն պատերազմն է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
Թեհրանում մի խումբ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է, որ այն իրավիճակը, որում Իրանը հայտնվել է այսօր, ոչնչով չի տարբերվում 1980-1988 թթ.-ին իրանա-իրաքյան պատերազմի տարիներին եղած իրավիճակից։
«Բայց պատերազմի ժամանակ Իրանը բանկերի, նավթի վաճառքի, ներկրման ու արտահանման հետ կապված խնդիրներ չուներ։ Միայն զենք գնելու հարցում էին պատժամիջոցներ գործում»,- ասել է նախագահը:
Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժեղ ազդեցություն են գործում երկրի վրա, այդ պատճառով բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը։
«Բանկային ոլորտում մեր թշնամիների կիրառած պատժամիջոցներն անդրադառնում են նաև նավթի, նավթաքիմիայի, պողպատի ու գյուղմթերքի վաճառքի վրա», - ասել է Իրանի նախագահը։
Միաժամանակ, նախագահի խոսքով, Իրանը չի ընկրկի ճնշման առաջ ու ստեղծված իրավիճակից ելք կգտնի։