Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և եվրոպական ու լատինաամերիկյան գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վենեսուելայի ճգնաժամը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու կողմնակիցներ գոյություն չունեն: Բացի այդ, ըստ նրա, Վենեսուելայի հարցով Պոմպեոյի հետ տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ավելին` կողմերը պայմանավորվել են Վենեսուելայի հարցով կրկին հանդիպել Սոչիում:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միայն «վենեսուելացիներն իրավունք ունեն որոշել իրենց երկրի ապագան` հավելելով, որ երկրի ներքին գործերին ցանկացած տեսակի միջամտություն խաթարում է ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները»: ԱՄՆ նախագահը նույնպես կիսում է լավատեսությունը, որ քաղաքական խաղաղ հանգուցալուծումն իրատեսական է: Վերջինիս խոսքով` Պուտինի նման ինքն էլ է Վենեսուելայի հարցում «դրական հանգուցալուծում» փնտրում:
Առաջին հայացքից թվում է, թե Լավրով-Պոմպեո երկկողմ հանդիպումը կարելի է համարել Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցությունների սկիզբ, եթե հաշվի ենք առնում նաև այն փաստը, որ դրանք շարունակականության միտում են ցույց տալիս: ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո պատրաստվում է հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Թվում է, թե երկու կողմերն էլ հասկանում են, որ անհրաժեշտ է փակուղում հայտնված հարցին շուտափույթ քաղաքական հանգուցալուծում տալ:
Սակայն միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ռազմական միջամտության գաղափարից դեռևս վերջնականապես չի հրաժարվել: Այս համատեքստում հետաքրքրական է նաև ընդդիմադիր առաջնորդ, ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուիադոյի` Լավրով-Պոմպեո հանդիպումից հետո արած հայտարարությունը, որում վերջինս հստակ հասկացրեց, որ դեմ չէ ԱՄՆ կողմից ռազմական միջամտության տարբերակին: Ավելին, հանդիպումից հետո, ԱՄՆ-ն, շարունակելով Վենեսուելայի փաստացի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշումները, նոր պատժամիջոցներ կիրառեց վենեսուելական մի շարք ընկերությունների նկատմամբ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսական զորքերը դեռևս գտնվում են Վենեսուելայի տարածքում: Ռուսական կողմը պնդում է, որ զինվորականները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին երկկողմ պայմանագրի շրջանակում: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին էլ հայտարարել է, որ ռուսական ռազմական ուժերի թիվը կարող է բազմապատկվել:
Կարելի է ասել, որ Վենեսուելայում ամիսներ շարունակ տիրող քաղաքական ճգնաժամը դեռևս հեռու է խաղաղ հանգուցալուծում ստանալուց: Վենեսուելան Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դարձել է քաղաքական առճակատման նոր թատերաբեմ: Նման թատերաբեմ էր նախկինում Լատինական Ամերիկայում երկու երկրների համար Կուբան: Այդ երկրում սոցիալիստական հեղափոխության տարիներին խորհրդային հրթիռների տեղակայումը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև քիչ էր մնում միջուկային պատերազմի հանգեցներ:
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ հեռու պահել Ռուսաստանին իր հարևանությամբ գտնվող տարածաշրջանից: Սակայն Ռուսաստանը, ինչպես երևում է, չի պատրաստվում ընկրկել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար Մադուրոյի իշխանությունը պահպանելը կարևոր է առաջին հերթին տնտեսական առումով: Վենեսուելայում ռուսական ներդրումները, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 17 մլրդ դոլար: Դա հիմնականում «Роснефти»-ի կողմից արված ներդրումներն են Վենեսուելայի նավթային արդյունաբերական ոլորտում: Սակայն հարկ է նշել, որ բացի տնտեսականից գոյություն ունի նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք: Ինչպես Սիրիայում, այնպես էլ Վենեսուելայում ՌԴ նախագահի համար ամենակարևորը համաշխարհային քաղաքական խաղացողի իմիջ ձեռք բերելն է և իր գործընկերներին աջակցելը՝ մյուս տարածաշրջաններում նրանց չկորցնելու համար:
Լատինամերիկյան տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ այն գտնվում է ԱՄՆ-ի անմիջական հարևանությամբ: Սակայն, ԱՄՆ-ն էլ իր հերթին ունի իր ծրագրերն ու շահերը Վենեսուելայում: