Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, փոխանցում է news.am-ը:
«Դա քաղաքական հարց է, բայց ես լավ չգիտեմ, թե որն է պատճառը: Սակայն մենք ցանկանում ենք խաղալ Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ աշխատեց, եւ մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի խաղանք նրա հետ: Ես չգիտեմ քաղաքական խնդրի լուծման հավանականությունը:
Իսկապես, ես չգիտեմ, թե ինչ խնդիր կա 2 երկրների միջեւ, բայց հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի Մխիթարյանի հետ լինենք այնտեղ: Դա սպորտային խնդիր չէ, եւ կախված չէ ինձանից: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է լուծվի այդ հարցը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալը» խաղալու է Լոնդոնի «Չելսիի» հետ: