Արգենտինացի պատգամավոր էկտոր Օլիվարեսը, որը մայիսի 9-ի առավոտյան վիրավորում էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին:
«Խորապես ցավում եմ պատգամավոր էկտոր Օլիվարեսի մահվան կապակցությամբ: Իմ ցավակցությունը նրա հարազատներին ու ընկերներին: Մարդասպաններն ու նրանց հանցակիցները պետք է վճարեն այդ հանցագործությունների համար»,- գրել է նախարարը Twitter-ում:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին 48-ժամյա ազգային սուգ է հայտարարել խորհրդարանականի մահվան կապակցությամբ:
Արգենտինայի Ռյոխա նահանգից պատգամավոր էկտոր Օլիվարեսը մայիսի 9-ի առավոտյան երեք կրակոցով վիրավորում էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, նրան ուղեկցող պաշտոնյա Միգել Մարսելո Յադոնն սպանվել էր: Չարագործների թիրախը, որոնք կրակել են կայանված ավտոմեքենայից, ինչպես հայտնել է Բուլրիչը, հենց պետական ծառայողն էր: Պատգամավորը բոլոր այս օրերին օրհասական վիճակում հիվանդանոցում էր գտնվում որովայնախոռոչի վիրավորումով: Ձերբակալված են Արգենտինայի պաշտոնյայի սպանության և պատգամավորի վիրավորման բոլոր կասկածյալները: