Մայիսի 14-ին Սոչիում ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի բանակցությունների ծրագրում փոփոխություններ նախատեսված չեն՝ չնայած ամերիկացի պետքարտուղարի այցի մոսկովյան մասի չեղարկմանը: NEWS.am-ի տեղեկացմամբ, ՏԱՍՍ-ին այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սոչիում նախարարների բանակցությունների վերաբերյալ փոփոխություններ չկան», -նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Մայիսի 13-ին ծրագրված էր Պոմպեոյի այցը Մոսկվա, որտեղից նա պետք է մեկներ Սոչիի Լավրովի հետ հանդիպմանը, սակայն ԱՄՆ պետքարտուղարը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաք այցը`Եվրամիության ներկայացուցիչների հետ Բրյուսելում Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ այդ բանակցություններից հետո Պոմպեոն անմիջապես կմեկնի Սոչի: