Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին, հայտնում է «Այսօր»-ը:
«Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն, դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու, թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում», - ընդգծեց դեսպանը:
Լին Թրեյսին նկատեց՝ արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտություն: