Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը իսլամական հանրապետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հայտնում է «Կիոդո» գործակալությունը, գրում է NEWS.am-ը:
«ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն: Նա հայտարարել է այս տարածաշրջանում «լարվածության թուլացման համար ջանքերի անհրաժեշտության» մասին:
Ի պատասխան՝ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ և Ճապոնիայի հետ համագործակցության հույս ունի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների պահպանման հարցում: AFP գործակալության տեղեկություններով՝ Զարիֆը հանդիպման ժամանակ նաև ասել է, որ Իրանը հիմա «առավելագույն զսպվածություն է դրսևորում» և անընդունելի է համարել «ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի մեծացումը»:
Չնայած միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, Ճապոնիան անհրաժեշտ է համարում ԳՀՀԾ-ի պահպանումը: Մինչ այս 2 երկրների ԱԳ նախարարները հանդիպել էին նոյեմբերին: Սպասվում է, որ Զարիֆը կընդունի նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: