Օրենսդիրների երկկուսակցական խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է դրել բանաձևի նախագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետևում է մամուլի տեղեկագրից, որը հրապարակված է պալատի արտաքին գործերի կոմիտեի կայքում:
«Թուրքիան հին դաշնակից է, բայց նրա առջև հստակ ընտրություն է ծառացած: Եթե Անկարան գնի ռուսական հրթիռային համակարգեր, ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի և Թուրքիային հանի F-35 ծրագրից: Մեր երկկուսակցական բանաձևը պետք է ընկալվի որպես Կոնգրեսի պարզորոշ հայտարարություն այն մասին, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջև: Հուսով եմ՝ էրդողանը ճիշտ որոշում կընդունի: Դրանից է կախված մեր դաշինքի ապագան»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մաքքոլը: Բանաձևի նախագծի համաձայն, օրենսդիրները կոչ են անում Թուրքիային՝ հրաժարվել ռուսական C-400 համակարգերի գնումից: Այլապես Ներկայացուցիչների պալատն սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» 2017 թվականի օրենքի շրջանակներում: Բացի այդ, այն դեպքում, եթե Անկարան, այնուամենայնիվ, ձեռք բերի C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրները, կոնգրեսականները կոչ են անում «դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35-ի արտադրության և F-35-ի մատակարարումների ծրագրին»:
«Թուրքիային հղված ուղերձը հստակ է՝ առկա է երկկուսակցական լայն կոնսենսուս առ այն, որ եթե Թուրքիան ձեռք բերի C-400 համակարգեր, նա չպետք է ստանա F-35: Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի համար գոյություն ունեն չափազանց շատ լուրջ հետևանքներ: Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական համակարգերից և դրա փոխարեն Միացյալ Նահանգների հետ համագործակցի բազմաթվի բնագավառներում, որտեղ մեր շահերից է բխում միասին աշխատելը»,-հայտարարել է բանաձևի հեղինակներից մեկը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Մաքքարթին: Բանաձևի հեղինակների թվում են նաև արտաքին գործերի կոմիտեի ղեկավար էլիոթ էնգելը, Ներկայացուցիչների պալատում մեծամասնույթան առաջնորդ Սթենի Հոյերը, հատկացումների կոմիտեի նախագահ Նիթա Լոուին, իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը, Քեյ Գրեյնջերը և Դուգ Քոլինզը: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 15-ին վերահաստատել է, որ Թուրքիան չի պլանավորում հետաձգել C-400-ի գնումը