Եվրոպացիների կեսից ավելին կարծում է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում: Այս մասին է վկայում YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որի տվյալները մայիսի 16-ին ներկայացրել է The Guardian թերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հետազոտության համաձայն, որն անցկացվել է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատվերով, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում և Լեհաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսից ավելին կարծում է, որ ԵՄ-ի փլուզումը «իրատեսական» է առաջիկա 10-20 տարվա ընթացքում: Այս կարծիքն է կիսում Ֆրանսիայում մասնակիցների 58 տոկոսը: Եվրոսկեպտիկներն ավելի շատ են միայն Սլովակիայում (66 տոկոս):
Միայն երեք երկրում՝ Շվեդիայում, Դանիայում և Իսպանիայում է, որ նման տխուր հեռանկար կանխագուշակողների բաժինը կազմել է հարցվածների կեսից պակաս մասը՝ 44%, 41% և 40%՝ համապատասխանաբար: Հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Ֆրանսիայում և Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ-ի անդամ երկրների միջև զինված հակամարտությունների ի հայտ գալը, որը հենց ստեղծվել է եվրոպական աշխարհամասում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով: Այս կարծիքը, մասնավորապես, պաշտպանում է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների 46 տոկոսը և «Այլընտրանք Գերմանիայի համար» գերմանական կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը: