«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը։
Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի և սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:
««Առաջին ալիքը» նաև քայլեր կձեռնարկի քվեարկության մեխանիզմը բարելավելու և հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար», - ասվում է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Քվեարկության մեխանիզմի նորացումը կավարտվի հաջորդ «Մանկական ձայնը» մրցաշրջանի մեկնարկից առաջ:
«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը տեղի կունենա մայիսի 24-ին, որի ժամանակ ելույթ կունենան եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները:
Հիշեցնենք, որ նախագծի եզրափակիչ անցած մասնակիցների թվում երկու հայ կա` Միշա Գրիգորյանը` Ղարաբաղից և Ռոբերտ Բագրատյանը` Դոնի Ռոստովից: