Մեղադրական կողմը կբողոքարկի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական ակտը: Այս մասին լրագրողներին ասացին մեղադրանքը պաշտպանող դատախազները:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր հրապարակվեց Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ: Իսկ անձնական երաշխավորություն Քոչարյանի համար դատարանում ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
«Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճառաբանություններին օբյեկտիվ պատճառներով այս պահին ծանոթ չենք: Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին ընտրված էր ճիշտ և դա միակն էր, որ կարող էր զսպել նրա վարքագիծը: Հետևաբար, մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,- լրագրողներին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանն էլ նշեց, որ չպետք է շեշտադրել ԼՂՀ գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, որովհետև իրենք հարցը դիտարկում են բացառապես իրավական տիրույթում:
«Մեր դիրքորոշումը տեսել եք խափանման միջոցի վերաբերյալ, և բնականաբար, այս փուլում էլ մեր դիրքորոշումը չի փոխվել: Իհարկե, մենք դատական ակտը վիճարկելու հարցը վերջնականապես կորոշենք, երբ ամբողջությամբ ծանոթանանք հիմնավորումներին ու պատճառաբանություններին»,- ասաց Բիշարյանը:
Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ, նրա խոսքով, այս դեպքում կա: «Այս պարագայում մենք բոլորս գիտենք, թե ինչ պաշտոն զբաղեցնող անձ է այսօր մեղադրվում և այդ պաշտոնի բերումով ինչ ծավալի կապեր օգտագործելու հնարավորությունների հետ գործ ունենք»,- հավելեց Բիշարյանը: