«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշում», - ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարության մեջ։ Հայտարարությունը հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին մայիսի 19-ին արված կոչին, որն էլ իր հերթին հետևել է նախկին նախագահ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։
«Դատարանի որոշման հանդեպ առանց կանխակալ վերաբերմունքի՝ այնուամենայնիվ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը նախապայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է բողոքարկումը բարձր ատյանին։ Հարգանքն օրենքի գերակայության հանդեպ ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց:
Այդուհանդերձ մենք գիտակցում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Արդարադատության ոլորտում բարեփոխումները մնում են առաջնահերթ և մենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը խորքային բարեփոխումների ենթարկելու ձգտումը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցելու առումով», ասված է համազեկուցողների հայտարարության մեջ։