Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է:
Ի՞նչ է անցումային արդարադատությունը և ո՞ր երկրներում է այն կիրառվել:
Անցումային արդարադատությունը մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական միջոցառումների համալիր է: Նման միջոցառումներն ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովների ձևավորում, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Անցումային արդարադատությունն ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում:
Անցումային արդարադատության ակունքները գալիս են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան և Տոկիոյի դատավարություններից: Այն հետագայում կիրառվել է Հունաստանում (1975) և Արգենտինայում(1985) ռազմական խունտաների նախկին անդամների նկատմամբ դատական գործընթացներում:
Անցումային արդարադատության միջոցառումների թարմ օրինակներն են Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի գործունեությունը, նաև մի շարք հիբրիդային դատարանների և տրիբունալների կիրառումը (կազմված են ինչպես տվյալ երկրի դատավորներից, այդպես էլ արտասահմանյան)՝ Սիերա Լեոնեյի հատուկ դատարանի, Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիաների, Կամբոջայի դատարանների արտառոց պալատների, Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի գործունեությունը, ինչպես նաև ունիվերսալ իրավասություն ունեցող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը:
Ուկրաինայում Մայդանից հետո խորհրդարանն անցումային արդարադատության մի շարք միջոցներ է ընդունել, ներառյալ քրեական դատավարությունները և պետական ծառայողների, իրավապահ մարմինների անդամների և դատական համակարգի ներկայացուցիչների ստուգումները (վեթինգ): Չնայած հանրային մեծ պահանջին՝ անցումային արդարադատության շրջանակներում առայժմ միայն սահմանափակ թվով կասկածյալներ են պատժվել: Ուկրաինայում կարևորում են անցումային արդարադատության լիարժեք գործարկումն այդ թվում նաև Դոնբասի` ուկրաինական իշխանությունների լիարժեք վերադարձման տեսանկյունից: Ուկրաինայի նախկին օմբուցմենի կարծիքով` անցումային արդարադատությունը պետք է գործի հակամարտության ավարտվելու հաջորդ օրը: