Ընթացքի մեջ են Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կավարտվեն մայիսի 26-ին։ Եվրահոռետեսների և ծայրահեղ աջերի տասնյակ հազարավոր հակառակորդներ ընտրությունների նախաշեմին ակցիաներ են անցկացրել Գերմանիայի տարբեր քաղաքներում` Եվրախորհրդարանի ընտրություններից օրեր առաջ՝ «ոչ» ասելով նացիոնալիզմին:
Գերմանիայում անցկացվող այս ակցիաները մաս են դարձել «ընդդեմ նացիոնալիզմի» արշավի, որը նախընտրական քարոզարշավի օրերին համակել էր մի քանի եվրոպական երկրներ. «հականացիոնալիստական», «հակաեվրահոռետեսական», «հակապոպուլիստական» ցույցեր են ընթացել Լեհաստանում, Ռումինիայում, Խորվաթիայում և Ավստրիայում: «Ընդդեմ պոպուլիստների և եվրահոռետեսների» կարգախոսի ներքո Զագրեբում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Իսկ Վարշավայում այսպիսի հանրահավաքին մասնակցել է նաև Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նման ակցիաների հայտարարված նպատակներից մեկն է եվրոպացիների ուշադրությունը հրավիրել այն վտանգի վրա, որն, ըստ կազմակերպիչների, ներկայացնում են եվրահոռետեսներն ու ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները միասնական Եվրոպայի և եվրոպական արժեհամակարգի համար:
Զուգահեռաբար մայիսի 18-ին Միլանում հանրահավաք են անցկացրել Եվրոպայի` ծայրահեղ աջակողմյան, պոպուլիստական տարբեր կուսակցություններ: Դրանց թվում են Ավստրիայի “Ազատության կուսակցություն”-ը, Բելգիայի “Ալյանս”-ը, Նիդերլանդների “Ազատության կուսակցություն”-ը, Ֆրանսիայի “Ազգային միավորում (նախկին` Ազգային ճակատ), ինչպես նաև` Իտալիայի “Լիգա” կուսակցությունը, որի առաջնորդ, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հանդիսանում էր հանրահավաքի նախաձեռնողը: Ի հակառակ «ընդդեմ նացիոնալիզմի և պոպուլիստների» պայքարող ուժերի, նրանք կտրականապես հրաժարվում են կոչվել ծայրահեղ կամ ուլտրա աջեր, նացիոնալիստներ կամ պոպուլիստներ:
“Այստեղ չկան ծայրահեղ աջեր: Այստեղ խոսվում է ողջամիտ քաղաքականության մասին: Էքստրեմիստները նրանք են, ովքեր ղեկավարում են Եվրոպան արդեն 20 տարի, իսկ այն գնալով ավելի է աղքատանում: Մայիսի 26-ին մենք գնում ենք գրավելու Եվրոպան, մենք գնում ենք փոփոխելու այդ Եվրոպան”, - հայտարարել է Մատեո Սալվինին:
Ըստ հանրահավաքին մասնակից աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների, ձևավորվել է նոր քաղաքական ընտանիք, որը նպատակ է հետապնդում դառնալ առնվազն երրորդ ուժը Եվրախորհրդարանում և փոխել այսօրվա Եվրոպան:
Ինչպես տեսնում ենք, ակտիվ են ինչպես միասնական Երոպային թերահավատորեն վերաբերվողները կամ եվրահոռետեսները, այնպես էլ նրանց գաղափարական հակառակորդները` Եվրոպական Միության ջատագովները կամ եվրալավատեսները: Ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, եվրոպամետ ուժերի ձայների կորուստ է սպասվում, սակայն այնուամենայնիվ, նրանք դեռևս կպահպանեն մեծամասնությունը Եվրախորհրդարանում, իսկ եվրահոռետեսներն ունեն մեծ շանսեր ավելացնելու իրենց ներկայացվածությունը և զբաղեցնելու խորհրդարանի տեղերի ավելի քան 1/5-ը: Եթե մինչև վերջերս եվրալավատեսները ակտիվություն ցուցաբերելու և միասնական Եվրոպան ջատագովելու կարիք չէին զգում, ապա այժմ ակնհայտ է, որ կա միասնության գաղափարն ու արժեքները պաշտպանելու, առաջ մղելու, քարոզելու անհրաժեշտություն: Եվ, ըստ էության, գլխավոր պայքարն այս երկու թևերի միջև է ծավալվում:
Շատ փորձագետների գնահատմամբ, Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները կարող են դառնալ կարևորագույնը Եվրոպական Միության պատմության մեջ: Դրանց արդյունքերը երկարաժամկետ կտրվածքով ուրվագծելու են Եվրամիության հետագա ընթացքը` եվրալավատեսական, թե՞ վատատեսական: