Չեխիայի ԱԳՆ-ն Facebook-յան իր էջում գրառում է հրապարակել՝ նվիրված «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստատեսային սերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի ավարտին, փոխանցում է NEWS.am-ը:
«Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է արևմտյան հողերում երկարատև քաղաքացիական պատերազմի ավարտը: Մենք Բրանդոն Սթարքի ընտրությունը դիտարկում ենք որպես դրական քայլ թագավորությունում կայունության ամրապնդման և բնակչության կենսապայմանների բարելավման համար»,- նշված է Չեխիայի ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ավելին՝ եզրափակիչ սերիայի սյուժեն բացահայտող հաղորդագրությունն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում տարածել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:
«Դիվանագիտությունը երբեմն ուրախություն է»,- այսպես է նա մեկնաբանել ֆեյսբուքյան վերագրառումը, իսկ «Թվիթերում» գրել է. «Այսօր լավ նորություն կա: Պատերազմն ավարտվեց, և մենք դա ողջունում ենք թեթևացած հոգով»: