Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ անգործության շքեղությունը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 40 տարածաշրջանային ֆրանսիական պարբերականների հարցազրույցում, տեղեկացնում է NEWS.am-ը, հղվելով EAdaily-ին:։
«Կամ մենք որոշում ենք բաժանվել և դառնալ հարթակ, որտեղ չինացիները, ռուսները և ամերիկացիները կկարողանան ազդեցություն գործել և վարել իրենց խաղը, կամ մենք որոշում ենք վերականգնել վերահսկողությունն ու լինել ինքնիշխան»,- ասել է Մակրոնը Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին։
Ռուսաստանցիներն ու ամերիկացիները «երբեք դեռ այսքան համառ» չեն եղել աջ հոսանքի կուսակցություններին ֆինանսավորելիս, նշել է Մակրոնը։ Ընդ որում՝ նա հիշատակել է Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի ենթադրյալ կապերը Ֆրանսիայում աջ պոպուլիստների հետ։
Մակրոնը Եվրախորհրդարանի գալիք ընտրություններն անվանել է կարևորագույնը 1979-ից ի վեր՝ նշելով «Եվրամիության էկզիստենցիալ սպառնալիքները»։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ընտրություններից հետո ընդունել «հիմնարար եվրոպական կոնվենցիա»։ Նա առաջարկում է պետությունների և կառավարությունների ղեկավարներին, գործադիր և օրենսդիր իշխանությունների նոր ներկայացուցիչներին քաղաքացիների հետ միասին մշակել եվրոպական ռազմավարություն առաջիկա հինգ տարիների համար։
Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նորից հավասարվել են։ Ֆրանսիայի նախագահը նշել է փոխադարձ հարգանքն ու արդյունավետ համատեղ աշխատանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։