Ինչպես ասել է Սիմոն Վրացյանը, «Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց արյան ծովում»: Ցեղասպանության ու պատերազմների բովով անցած հայ ժողովրդի մոտ տեղի ունեցավ ազգային ինքնագիտակցության աճ: Հայաստանի անկախության ակտը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք: Այսպիսով, հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական նախարար նշանակվեց Հովհաննես Հախվերդյանը:
Հովհաննես Հախվերդյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1873 թ-ի հունիսի 29-ին: Հախվերդյանը (Ախվերդով) սերում էր Սանկտ Պետերբուրգի հայկական ազնվական ընտանիքից. նրա ծնողներն էին պետական խորհրդատու Բարսեղ Հախվերդյանը և Նինա Տեր-Միքելյանը: Նա ցարական բանակի կադրային սպա էր, ինչպես և նրա հարազատ եղբայրներ Գաբրիելը (գեներալ-մայոր) ու Գևորգը (փոխգնդապետ): Հախվերդյանը սովորել է Սանկտ Պետերբուրգի 1-ին կադետային կորպուսում, գերազանցությամբ ավարտել է Պավլովսկի ռազմական ուսումնարանը, 1902թ-ին կրկին գերազանցությամբ՝ գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: Ծառայությունը բանակում սկսել է 1890թ. սեպտեմբերի 1-ին: Սպայական կոչումը ստացել է 1891թ-ին: 1895թ-ին՝ արժանացել է պորուչիկի, 1900թ-ին՝ շտաբի կապիտանի, 1902թ-ին՝ կապիտանի, 1910թ-ին՝ գնդապետի կոչման` «գերազանց ծառայության համար» հիմնավորմամբ: Անցնելով ռուս-ճապոնական պատերազմի և 1-ին աշխարհամարտի հորձանուտով` 1915-ին` 42 տարեկանում, Հովհաննես Հախվերդյանը ստանում է գեներալ-մայորի կոչում:
1902-1904թթ-ին եղել է վաշտի հրամանատար, 1904-1909թթ-ին՝ գումարտակի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի սպա, համհարզ, 1909-1914թթ-ին՝ Թուրքենստանի զինվորական օկրուգի շտաբի ավագ համհարզ, 1914թ-ին Սանկտ-Պետերբուրգի զինվորական օկրուգի Սվենբորգի ամրոցի զորքերի շտաբի պետ, 1916-1917թթ-ին՝ Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ, 5-րդ Ֆինլանդական, ապա՝ 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար: 1917թ-ի վերջին ռուսական Կովկասյան բանակը փլուզվել է: 1917-1919թթ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային զորամիավորումների, մասնավորապես Հայկական առանձին կորպուսի կազմավորման գործում:
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո` 1918թ-ի հունիսի 15-ից մինչև 1919թ-ի մարտի 27-ը եղել է Հայաստանի Հանրապետության զինվորական առաջին նախարար: Չլինելով որևէ կուսակցության անդամ՝ Հախվերդյանը ստանում է աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Նրա ղեկավարությամբ մինչև 1918թ-ի աշունը կազմավորվել է ՀՀ զինվորական նախարարությունը, ձևավորվել հայկական ազգային զինված ուժերը, ստեղծվել Հայկական առանձին դիվիզիան, ազատագրվել Թուրքիայի կողմից բռնազավթված որոշ հայկական տարածքներ, հաղթանակով ավարտվել հայ-վրացական պատերազմը: 1919թ-ի ապրիլի 25-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ Սպարապետի շտաբի պետ, 1919 թ. մայիսի 28-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 1919 թ.-ին Հովհաննես Քաջազնունու (Առաջին հանրապետության վարչապետ) հրաժարականից հետո լքում է պաշտոնը՝ զբաղեցնելով Գլխավոր Շտաբի պետի պաշտոնը։ 1919 թ.-ի նոյեմբերին բանակի ազգայնականացման փորձերի ու հայերենը որպես բանակում միակ գործածվող լեզու սահմանելու փորձերի արդյունքում հրաժարական է տալիս: 1920-ի բոլշևիկների մայիսյան հեղաշրջման փորձից հետո՝ Համո Օհանջանյանի կառավարության օրոք նա դառնում է ռազմական նախարարի տեղակալ:
Ըստ որոշ աղբյուրների Հայաստանի Հանրապետության անկման արդյունքում ձերբակալվել է բոլշևիկների կողմից ու եղել է այն շուրջ 1500 հայ զինվորականների շարքում, ում ոտքով ստիպել են հասնել Ռյազան: Հայտնի է, որ Հախվերդյանին այնուհետև հաջողվում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա սկսում է աշխատել որպես հաշվապահ: Սակայն 1930-ի դեկտեմբերին նա կրկին ձերբակալվում է ստալինյան ռեժիմի կողմից՝ այսպես կոչված «Վեսնա»-ի գործով, և 1931-ի ապրիլին հազարից ավելի ցարական բանակի նախկին սպաների հետ միասին գնդակահարվում է՝ «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման» անդամ լինելու դատավճռի հիման վրա: 1930-1931 թթ-ին միայն Լենինգրադում «Վեսնա»-ի գործի շրջանակներում գնդակահարվել է ավելի քան հազար նախկին ռուսական բանակի սպա, ընդ որում նաև Հախվերդյանի ավագ եղբայր գեներալ-մայոր Գաբրիել Հախվերդյանը։
Հետմահու արդարացվել է 1989 թ.-ի հոկտեմբերի 20-ին: