Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս մասին հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում, կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:
«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- նշված է Եվրոպայի Խորհրդի մամլո հաղորդագրության մեջ: