Չինաստանի ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Այդ մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Փաշինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին, և ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, պարոն Խաչատրյան, նաև Չինաստանի մեր գործընկերների, որովհետև կան որոշակի ստանդարտների և այլ խնդիրներ»,- նշել է վարչապետը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:
«Որևէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ և մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- ասել է վարչապետը: