Թուրքիայի Սահմանադրական դատարանը թուրքական իշխանությունների կողմից Հայոց պատրիարքի ընտրությունները տարբեր պատճառներով խափանելը համարել է կրոնի ազատության խախտում։
Ինչպես տեղեկացնում է News.am-ը, հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, Սահմանադրական դատարանը ուսումնասիրել է Հայոց պատրիարքի ընտրության համար կազմված նախաձեռնող խմբի հայցադիմումը և բավարարել այն՝ որոշելով, որ խախտվել է Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածը, այսինքն` կրոնական ազատության խախտում է տեղի ունեցել։
Նշենք, որ 2008 թվականին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողացել կատարել պարտականությունները։ Հայ համայնքը բազմաթիվ անգամ դիմել է թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու համար, սակայն մշտապես մերժում է ստացել։ Թուրքական իշխանությունները նշանակել են փոխպատրիարք ի դեմս արք. Արամ Աթեշյանի։
Այս տարվա մարտին արք. Մեսրոպ Մութաֆյանը մահկանացուն կնքեց, որից հետո դե յուրե բացվեց նոր պատրիարք ընտրելու հնարավորություն։