Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

18:26     25 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պետական պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա՝ մինչև մայիսի 28-ը։  Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սա ԱՄՆ նախագահի Ճապոնիա ամենաերկարատև պետական այցն է 1992 թվականից ի վեր։ Շաբաթ օրը Թրամփը նախատեսել է հանդիպում բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մայիսի 26-ին Թրամփը Աբեի հետ գոլֆ կխաղա, իսկ երեկոյան միասին կայցելեն սումոյի կայսեր գավաթի մրցաշարին։

Ծրագրի հիմնական մասը կսկսվի մայիսի 27-ին։ Այն կներառի երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումը, ինչպես նաև ընդունելություն նոր կայսր Նարուհիտոյի մոտ, որը գահ է բարձրացել մայիսի 1-ին։

Եզրափակիչ օրը ԱՄՆ նախագահը կբարձրանա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի «Կագա» ուղղաթիռակիր նավ, որը գտնվում է Տոկիոյի ծոցի Յոկոսուկա բազայում։ Մոտ ապագայում նախատեսվում է այդ նավը վերափոխել թեթև ավիակրի։

 


© armedia.am