ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է միգրացիոն բարեփոխումների նոր ծրագիր, որը ենթադրում է առաջին հերթին «Գրին քարտերի» տրամադրման ընթացակարգի փոփոխություն:
«Կառուցենք Ամերիկան» (Build America) անվանումը ստացած նոր միգրացիոն համակարգը նպատակ է հետապնդում երկիր ժամանող միգրանտների թվում բարձր որակավորում ունեցող մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնել մինչև 57 տոկոս: Այսինքն` նախապատվությունն այժմ տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր ունեն:
Ներկայումս ներգաղթյալների միայն 12% -ն է Միացյալ Նահանգներ ժամանում իրենց հմտությունների և որակավորման պահանջարկով պայմանավորված, այն դեպքում երբ օրինական միգրանտների 66 տոկոսն ընտանիքների վերամիավորման սկզբունքով է հաստատվում ԱՄՆ-ում: Նոր միգացիոն ծրագրով նախատեսվում է այդ թվերը փոփոխել` դարձնելով 57 և 33 տոկոս համապատասխանաբար:
Նախատեսվում է նաև բարձրացնել բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների տարեկան եկամուտը: Ներկայում ներգաղթյալների միջին տարեկան աշխատավարձը ԱՄՆ-ում կազմում է մոտ 43.000 ԱՄՆ դոլար: Նոր ծրագրով բարձր մասնագիտական հմտություններով երկիր մուտք գործած ներգաղթյալները կունենան 126,000 ԱՄՆ դոլար միջին տարեկան եկամուտ: Այդ դեպքում օրինական ներգաղթյալների միջին տարեկան աշխատավարձը կբարձրանա` հասնելով մոտ 96 հազար դոլարի:
Փաստացի «Կառուցենք Ամերիկան» ծրագիրը նպատակ ունի գրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին ԱՄՆ: Թրամփն իր միգրացիոն քաղաքականությամբ ցանկանում է ընտրել միայն նրանց, ովքեր պետք են Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե նրանց, ովքեր վիճակահանության արդյունքում են այնտեղ հայտնվում։ Այլ կերպ ասած, Թրամփը նպատակ ունի խթանելու բազմաթիվ երկրներից «ուղեղների ներհոսքն» ԱՄՆ: Իսկ «ուղեղների արտահոսքն» առավել խնդրահարույց է հատկապես զարգացող երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների գիտաշխատողների թվաքանակը վերջին տարիներին նվազման միտում է արձանագրել։ Երկրում տիրող տնտեսական իրավիճակի և ցածր աշխատավարձերի պատճառով տարեցտարի երկիրը լքում են այն մարդիկ, որոնց կարիքը Հայաստանը հատկապես ունի և որոնք մեծ ներուժ ունեն: Միտումների պահպանման դեպքում «ուղեղների արտահոսքն» Հայաստանից աստիճանաբար կարող է խորանալ: