ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք դրական կընդունեն Իրանի առաջարկությունը, եթե նա ցանկանա բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, փոխանցում է Azat.tv-ն: ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ երկկողմ հանդիպումից հետո, տեղեկացնում է China Global Television Network (CGTN)-ը։
«Ոչ ոք չի ցանկանում, որ տեղի ունենան ահավոր բաներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ ենթադրելով, որ Թեհրանը բանակցություններ է ցանկանում։
Վերջին ամսվա ընթացքում իրավիճակը ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում զգալի սրվել է։ Ամերիկյան իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների հանդեպ և շարունակում են ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի հայտարարված նպատակն է «փոխել Իրանի Իսլամական Հանրապետության վարքը»։
ԱՄՆ-ը նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Ի պատասխան՝ Իրանը ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրանից հետո տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Իրանի ափերի մոտ կուղարկի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և ռմբակոծիչներ։ Նրա խոսքով՝ այդկերպ Վաշինգտոնը «պարզ ու անսխալ ազդանշան է ուղարկում իրանյան ռեժիմին այն մասին, որ ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի վրա կհակադարձվի անխնա ուժով»։